Արշալույս Ջանիկյանը պատմում է, որ ինքը բախտ է ունեցել Չարենցի հետ ուսուցիչ լինելու, նրա հետ ապրելու 1920 թվականի խառնաշփոթ, ողբերգական օրերը: Երևանի հիվանդ երեխաների ամերիկյան մանկատանը կից բացվել էր դպրոց`երեք դասարանով :
Երրորդ դասարանում դասավանդում էր Չարենցը, երկրորդում`Արփիկ Աստվածատրյանը,իսկ առաջին դասարանում` ինքը:
Բանաստեղծ Չարենցը դարձել էր ուսուցիչ և որբանոցի կիսաքաղց երեխաներին հայոց լեզու և թվաբանություն էր սովորեցնում`սնվելով մանկատան խղճուկ սնունդով . համոզված էր, որ դա ժամանակավոր երևույթ է:
Որբանոցի կառավարչուհին`Լուսնթագ Խանիկյանը, գնահատելով Չարենցի արժանիքները, հնարավորություն էր ստեղծել, որ նա կարողանա նաև ստեղծագործել, գրել.որբանոցում նրա համար առանձնացրել էր մի փոքր սենյակ; Այդ սենյակում են ծնվել Չարենցի <<Երգ ժողովրդի մասին>>, <<Բրոնզե թևերը կարմիր գալիքի>>,<<Երազ տեսա,Սայաթ-Նոնան մոտս եկավ սազը ձեռին>>,<<Ես իմ անուշ Հայաստանի>> և ուրիշ շատ պոեմներ, բալլադներ:Ջանիկյանը հիշում է, որ Չարենցը սիրում էր արտասանել Տերյանի բանաստեղծությունները, կարդում էր զգացմունքով, գեղեցիկ: Ձեռքերը բարձրացրած, օրորվելով արտասանում էր .
-Եկան օրեր ու անցան ու ինձ ոչինչ չմնաց…
Հետո մռայլվում էր , նյարդայնանում , ուզում էր մի բան ջարդել .մի անգամ ,հիշում է Ջանիկյանը, ձեռքից գցեց բաժակը,կոտրեց ,հետո զղջաց, խաղաղվեց, ժպտաց մանկան անմեղությամբ: Նման պոռթկումներ հաճախ էին պատահում. դա բանաստեղծի հակասական բնավորության արտահայտություն էր, որը դրսևորվում էր անգամ առօրյա հարցերում:
… Չարենցը ողջ գիշերը աշխատելուց հետո, առավոտյան դաս էր տալիս, իսկ դասամիջոցներին դպրոցի բակում շուրջպար էր բռնում երեխաների հետ: Նա ուզում էր գոնե մի քիչ ուրախացնել դժբախտ , որբ երեխաներին:
Երբեմն ուսուցիչները դժգոհում էին, որ երեխաները չեն սովորում, Չարենցը վրդովվում էր ու ասում , որ երեխաները ուժ չունեն , հետո կսովորեն, կգա ժամանակը`կսովորեն:
Արշալույս Ջանիկյանի հուշերից

No comments:
Post a Comment